Աչքի վնասվածքներ

Պատճառ

Աչքի վնասվածքներից հնարավոր են ծանր հետևանքներ՝ տեսողության կտրուկ նվազում և նույնիսկ կուրություն։ Աչքի թեթև վնասվածքները ժամանակին բուժելիս անհետևանք անցնում են, հակառակ դեպքում կարող են բարդանալ։

Հաճախ աչք կարող են ընկնել փոշի, ավազ, ածուխի, մետաղի մասնիկներ, հրաթեփի և հղկաքարի փոշի։ Դրանք ընկնում են կոպի տակ կամ թափանցում եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի մեջ, երբեմն՝ նույնիսկ աչքի խորքը և վնասում հյուսվածքները։ Հաճախ փոշին պարունակում է հիվանդածին մանրէներ, որոնք կարող են առաջացնել բորբոքումներ։

Սալջարդ

Աչքի սալջարդ

Լուրջ հետևանքներով լի է աչքի՝ բութ առարկաներով առաջացած սալջարդը։ Այդպիսի դեպքերում աչքի արտաքին թաղանթը հաճախ մնում է ամբողջական, բայց ավելի նուրբ ներքին գոյացությունները կարող են խիստ տուժել։ Ուժեղ հարվածից վնասվում է նաև աչքի արտաքին թաղանթը։

Այրվածքներ

Բոցը, գոլորշին, հալած մետաղի, տաք յուղի կամ ջրի ցայտերը կարող են առաջացնել աչքի և կոպերի ծանր այրվածքներ։ Շատ լուրջ հետևանքներ ունեն թթուներից, հիմքերից, անիլինային ներկերից, անուշադրի սպիրտից, կրից և այլ նյութերից առաջացած քիմիական այրվածքները։ Աչքի այրվածքներ կարող են առաջանալ անդրամանուշակագույն ճառագայթներից (էլեկտրազոդման, կինոնկարահանման ժամանակ), ինչպես նաև պարզ արևոտ օրերին՝ լայնատարած ձյունածածկույթների դեպքում։ Այդ ճառագայթների ազդեցությունից 6-8 ժ անց առաջանում են շաղկապենու կարմրություն, արցունքահոսություն, լուսավախություն, ցավ, երբեմն՝ եղջերաթաղանթի մակերեսային բորբոքում։ Նշված երևույթները սովորաբար մի քանի օրում ինքնուրույն վերանում են։ Հատկապես վտանգավոր են մետաղի, քարի, փայտի, ապակու մեծ ուժով թռչող բեկորներից առաջացած վնասվածքները։

Առաջին օգնություն

Աչք օտար մարմիններ ընկնելիս հարկավոր է մաքուր վիրակապ դնել և տուժածին անմիջապես տեղափոխել բուժհիմնարկ։ Երբեք չի կարելի ինքնուրույն հանել աչքի մեջ ընկած օտար մարմինը, այն կարող է ծանր վնասվածքի պատճառ դառնալ։ Քիմիական այրվածքների ժամանակ հարկավոր է նախ աչքերը փակ լվանալ դեմքը, ապա աչքերը՝ առատ ջրով (5-10 ր, առանց ձեռքով դիպչելու)։ Անիլինային ներկերով այրվածքների ժամանակ աչքերըհարկավոր է լվանալ մուգ թեյով, որը պարունակում է ներկանյութի ազդեցությունը թուլացնող տանին նյութը։ Լվացվելուց հետո, վնասված աչքին առանց վիրակապ դնելու, տուժածին անմիջապես հարկավոր է տեղափոխել բուժհիմնարկ։

Կանխարգելում

Վնասվածքներն առավել հաճախ առաջանում են արտադրությունում։ Դրանց կանխարգելման հիմնական միջոցառումը տեխնիկական անվտանգության կանոնները խստորեն պահպանելն է, արտադրամասում արդյունավետ օդափոխությունը, որը նվազեցնում է փոշոտվածությունը և աչք օտար մարմիններ ընկնելու հավանականությունը, գործիքների հետ ճիշտ վարվելը, աշխատատեղում կարգ ու կանոնի և մաքրության պահպանումը, հաստոցները հատուկ պաշտպան, սարքերով ապահովելը։ Դարբնոցային, փականագործական, քարտաշային աշխատանքների, քիմիական սարքերի սպասարկման, ձուլվածքների հատման, հաստոցային միջամտությունների, մետաղների գլոցման, զոդման, մեքենաների վերանորոգման և այլ դեպքերում հարկավոր է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ։ Անհատական պաշտպանության միջոց են ակնոցը (օրինակ՝ ակնոց-լուսազտիչ), դիմակները, սաղավարտը, լուսազտիչներով վահանակները՝ զոդողների համար։

Արևային այրվածքների կանխարգելման համար օգտագործում են հատուկ պաշտպանական ակնոց։

Աչքի թաղանթների պատռվածքների դեպքում չի կարելի լվանալ աչքերը և փորձել հեռացնել օտար մարմինը։ Այդ դեպքում աչքի վրա դնել մաքուր վիրակապ և տուժածին տեղափոխել հիվանդանոց։ Աչքերի մեջ քիմիական նյութեր (թթու,հիմք) ընկնելիս 15-20 րոպեի ընթացքում աչքերը լվանալ հոսող ջրով, ապա դիմել բժշկի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *