Բարձր ջերմություն

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը նշանակում է, որ օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի կամ վարակի դեմ: Նման դեպքերում ջերմությունն իջեցնել առհասարակ խորհուրդ չի տրվում, սակայն երբեմն հարկավոր է լինում անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ շատ բարձր ջերմությունը կարող է վտանգավոր լինել:

Սովորաբար բարձր ջերմությունն իջեցնելու համար մարդիկ կիրառում են ջերմիջեցնող դեղամիջոցներ, մինչդեռ կան նաև բավական արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից:

Մարմնի ջերմաստիճանի նորման տատանվում է 36-37˚C-ի սահմաններում և բարձրանում է օրգանիզմում վարակի կամ վիրուսի առկայության դեպքում: Այս կերպ օրգանիզմը փորձում է ազատվել վտանգից, ուստի բարձր ջերմությունը համարվում է լավ նշան, սակայն երբ այն չափազանց շատ է բարձրանում (38˚C-ից ավելի), ապա անհրաժեշտ է լինում անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Նման դեպքերում մարդը պետք է առաջին հերթին հնարավորինս շատ հեղուկ խմի, հատկապես՝ գոլ հեղուկ, քանի որ ջուրը նպաստում է մարմնի ջերմաստիճանի նվազմանը: Կարելի է խմել պարզապես մաքուր ջուր, կամ դրան մի փոքր կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել:

Բարձր ջերմությունն իջեցնելու արդյունավետ միջոց կարող են լինել նաև սառը կոմպրեսները: Բացի այդ, հիվանդի մարմինը քացախով թրջված խոնավ սրբիչով շփելը նույնպես կօգնի մի փոքր իջեցնել ջերմությունը:

Երեխաների դեպքում նման շփումները ցանկալի է անել պարզապես մաքուր եռացրած (ոչ տաք) ջրով թրջված սրբիչով: Սակայն հարկ է հիշել, որ այս մեթոդները չի կարելի կիրառել չափազանց բարձր ջերմության դեպքում (39˚C-ից բարձր):

Շատ օգտակար կարող են լինել նաև հատապտուղներն ու դեղաբույսերը: Օրինակ՝ արդյունավետ ջերմիջեցնող միջոց կարող են լինել կեչու բողբոջները, վաղենակը և սև ու կարմիր հաղարջները, որոնք օժտված են հզոր քրտնամուղ ու ջերմիջեցնող հատկություններով: Սակայն հատապտուղները խորհուրդ է տրվում ընդունել մորսերի կամ մուրաբաների տեսքով:

Մարմնի բարձր ջերմաստիճանը նվազեցնելու ևս մի արդյունավետ, սակայն ոչ շատ հաճելի միջոց է հոգնան: Այն հատկապես արդյունավետ է այն դեպքում, երբ շփումներն անօգուտ են լինում: Ջերմիջեցնող հոգնան հարկավոր է անել գոլ աղաջրով, որը պատրաստելու համար անհրաժեշտ է ½ թեյի գդալ աղը լուծել 100 մլ ջրում: Հեղուկի ծավալը կախված է հիվանդի տարիքից, ուստի հարկավոր է հաշվի առնել այս գործոնը:

Եթե ձեռնարկված միջոցներն օգուտ չեն տալիս և ջերմությունը չի իջնում, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին ու ջերմիջեցնող ընդունել: Հարկ է հիշել, որ սա կարող է բավական վտանգավոր լինել, ուստի հապաղել չի կարելի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *