Բոտուլիզմ

Ինչպե՞ս դուք կարող եք հիվանդանալ բոտուլիզմով

Դուք կարող եք բոտուլիզմով հիվանդանալ երկու տարբեր ճանապարհներով՝

  • սննդի միջոցով, սովորաբար՝ մեղր, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, պահածոյացված մթերքներ, միս, ծովամթերք և փափուկ (հալած) պանիր
  • վերքերի միջոցով, որն ավելի հաճախ հանդիպում է հողագործների, այգեգործների, ինչպես նաև ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց շրջանում:

Կա բոտուլիզմի մի տեսակ, որը կոչվում է նորածնային բոտուլիզմ: Այս դեպքում բակտերիաները հայտնվում են նորածնի աղիներում սննդի միջոցով և աղիների անօդ պայմաններում էլ արտադրում են բոտուլոտոքսինը: Ավելի հաճախ նորածնային բոտուլիզմը կապում են մեղրի ընդունման հետ: Նորածինների մոտ առաջին կլինիկական ախտանիշը լինում է փորկապությունը, որը հաճախ մնում է աննկատ:

Բոտուլիզմն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց միջև և դուք չեք կարող մեկ այլ մարդուց բոտուլիզմ վարակվել:

Բոտուլիզմի ախտանիշները

Բոտուլիզմի ամենահաճախ հանդիպող նշանը խիստ արտահայտված ընդհանուր թուլությունն է՝ այնպիսի թուլություն, երբ մարդուն դժվար է լինում բացել աչքերը, խոսել և անգամ շնչել: Որոշ դեպքերում բոտուլիզմն ունենում է մահացու ելք (դեպքերի 5-10%):

Բոտուլիզմով չափահասների մոտ կարող են զարգանալ նաև փորլուծություն և փսխումներ, բերանի չորություն և տեսողության մշուշոտում (բոտուլիզմին բնորոշ դիպլոպիայով): Ծանր դեպքերում բոտուլիզմը բերում է շնչառական մկանների աշխատանքի թուլացման և շնչառության դժվարացման, անգամ՝ կանգի:

Բոտուլզմով մանկահասակ երեխաները չեն կարող նկարագրել, թե ինչ են զգում: Նման դեպքերում առաջնային է դառնում լացելու, սնունդ և ջուր ընդունելու, շարժվելու հետ կապված դժվարությունները:

Բոտուլիզմի բուժումը

Եթե կասկածում եք, որ դուք կամ ինչ-որ մեկը ունի բոտուլիզմ, անհապաղ դիմեք բժշկին կամ հնարավորինս արագ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության կամ ռեանիմացիոն բաժանմունք:

Որքան շուտ սկսվեց բոտուլիզմի բուժումը, այդքան բուժման արդյունքները կարող են դառնալ ավելի արդյունավետ, իսկ ուշացնելը կարող է հիվանդության բուռն զարգանալը դարձնել անկանխատեսելի ելքով:

Բոտուլիզմի բուժումը կատարվում է հատուկ հակաթույնի՝ հակաբոտուլինային շիճուկների միջոցով, որը օգտագործվում է բոտուլոտոքսինի չեզոքացման նպատակով։

Բոտուլիզմի կանխարգելումը

Բոտուլիզմը խիստ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն դուք կարող եք էլ ավելի նվազեցնել ռիսկը՝

  • նորածիններին մեղր չտալով
  • նորածիններին կրծքի կաթով կերակրելով
  • տնային պայմաններում պահածո պատրաստելուց հնարավորինս խուսափելով. հիշեք, որ սպորները կարող են կենսունակ մնալ 100°C պայմաններում (իրականում բոտուլիզմից խուսափելու համար պահածոները պետք է եռացվեն 121°C-ում մոտավորապես 3 րոպե), ուստի համոզվեք, որ պահածոյացվող մթերքները լավ լվացված ու եփված են, իսկ տարաները լիարժեք ստերիլիզացված
  • երբեք չօգտագործելով ժամկետանց, վնասված կամ աղտոտված տուփով պահածոներ
  • հողի հետ գործ ունենալիս կամ այգեգործությամբ զբաղվելիս բաց վերքերը վիրակապով կամ կպչուն սպեղանիով փակելով:

Հիշեք նաև, որ բոտուլիզմի տոքսինը ոչնչանում է բարձր ջերմաստիճանային պայմաններում, ուստի տանը պատրաստված պահածոները ուտելուց մոտավորապես 10 րոպե առաջ պետք է եռացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *