Բագրատունիներ

850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։

Աշոտ Ա Մեծ (885-890)

Հայոց արքան քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար։ Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին` այն դարձնելով հայոց սպարապետների աթոռանիստը։ Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների հետ հաստատելով բարեկամական կապեր` Աշոտ Ա-ն նրանց ևս ենթարկեց իր իշխանությանը։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները նույնպես ընդունեցին Աշոտի գերագահությունը։ Աշոտ Մեծը ճակատամարտում պարտության մատնեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը։ Հայոց թագավորի  ազդեցության տակ հայտնվեց նախկին Արմինիա կուսակալության ամբողջ տարածքը։

Աշոտ Բագրատունուն հաջորդեց որդին` Սմբատ Ա-ն (890-914)։ Նա իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և կայազորներ հաստատեց Ալանաց դռներում։ Սմբատը թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ (Ադառնասե) իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունների լավացնելու նպատակով 893 թվականին բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի կայսր Լևոն Իմաստասերի հետ։ Արդյունքում Ատրպատականի Սաջյան ամիրա Աֆշինի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։

9-րդ դարի սկզբին Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Հայոց արքան վեճը լուծեց հօգուտ Սյունիների։ Սմբատից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի հետ։ Վերջինս միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն։ Խալիֆի ուղարկած թագով 908 թվականին Յուսուֆը նրան թագադրեց որպես հայոց արքա` նրան վերապահելով նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։ Նրանց միացան նաև այլ հայ իշխաններ։ Բյուզանդական կայսեր մահից հետո (912) Սմբատ Ա-ն մնաց առանց դաշնակիցների։ Արքան փոքր զորագնդով ամրացավ Կապույտ բերդում և մեկ տարվա դիմադրությունից հետո անձնատուր եղավ։ Յուսուֆը հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ, անյտեղից` Նախճավանի Երնջակ բերդ` ամրոցի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակելու համար։ Սմբատը բերդապահներին դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչի արդյունքում ենթարկվեց մահապատժի (914)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին։ Անկախության պահպանման համար համաժողովրդական պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), ում ժողովուրդը խիզախության և տոկունության համար «Երկաթ» մականունը տվեց։

Աշոտ Բ Երկաթ (914-928)

Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց  արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիների գերագահությունն ընդունեցին ոչ միայն արաբ ամիրաները, այլև կենտրոնախույս հայ իշխանները, այդ թվում` Գագիկ Արծրունին, ով բավարարվեց Վասպուրականի թագավոր տիտղոսով։ Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը։

Անժառանգ Աշոտ Երկաթի եղբայր Աբասին (928-953) հաջորդեց որդին` Աշոտ Գ Ողորմածը (953-977)։ Նա մեծացրեց զորքի թվաքանակը։ 966 թվականին Տարոնի իշխանության բռնակցումից հետո` 974 թվականին, Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկը արշավեց Հայաստանի վրա։ 80 հազարանոց հայկական բանակը Աշոտ Գ-ի գլխավորությամբ դուրս եկավ բյուզանդացիների դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ Աշոտ արքան մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի։ Այն կառուցվել էր Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Այս տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, որտեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։ Եղիշե պատմիչն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց։ 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ։ Քաղաքամայր Անիից զատ` երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին բերդեր ու ամրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, կամուրջներ ու իջևանատներ։ Անիի` մայրաքաղաք դառնալուց երկու տարի անց` 963 թվականին, Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով առանձնացավ որպես ինքնուրույն թագավորություն (963-1065)` կրտսեր Բագրատունիների գլխավորությամբ։ Դա երկրորդ թագավորությունն էր` Վասպուրականից հետո (908-1021)։

Աշոտ Ողորմածի կինը` Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահինի և Հաղպատի վանքերը։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *