Ամանորյա նախագիծ- աշխարհագրություն

Շոտլանդիայում կարծում են, որ ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու եկող տարվա հաջողությունը: Ըստ հավատալիքների` մեծ հաջողություն է բերում թուխ մազերով տղամարդը, ով նաև նվերներ ունի: Այստեղ բուխարիում մեծ կրակ են վառում և տասներկու զանգերին սպասելիս ամբողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Տոնի ընթացքում ամենուր փոխանակվում են ողջույններով ու բարեմաղթանքներով, գրկում ու համբուրում են բոլոր բարեկամներին ու ազգականներին, կենացներ հնչեցնում` միմյանց մեծ երջանկություն և ուրախություն մաղթելով: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովելու սննդամթերք, խմիչք եւ տաքություն:

 

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում է Նոր տարին մուտք  գործում Շվեդիա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *