Ցրտահարություն

Ցրտահարությունը մարմնի հյուսվածքների սառեցումն ու վնասումն է ցրտի ազդեցությունից: Սակայն պետք չէ ցրտահարությունը շփոթել սառցե այրվածքների հետ։ Վերջինս փափուկ հյուսվածքների վնասվումն է սառը իրերի, գազերի հետ առնչվելու հետևանքով, օրինակ՝ հեղուկ ազոտի թափվելը ձեռքի վրա, ձմռանը սառած մետաղի կտոր բռնելը և այլն: Ցրտահարումը սկսվում է վերջույթներից՝ ձեռքերի և ոտքերի մատներից, քթից, ականջներից, այտերից, շրթունքներից, ձեռքերից և ոտքերից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը դադարում է բավարար քանակությամբ արյուն մատակարարել մարմնի այդ հատվածներ, որպեսզի էքստրեմալ ցուրտ պայմաններում կարողանա պահպանել կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքը:

 

Թեթև աստիճանի ցրտահարում ստացած վերջույթները, երբ դեռ արյունը շրջանառվում է բոլոր հյուսվածքներով և չկա մեռուկացում, կարելի է տաքացնել ձեռքի տակ ընկած միջոցներով, բնականաբար, խելամտության սահմաններում: Ձեռք տվեք ցրտահարված մատներին, եթե դրանք դեռ փափուկ են և դուք կարողանում եք ցրտահարված ձեռքի բութը և ճկույթը միացնել իրար, ապա ցրտահարությունը թեթև է: Այս դեպքում պետք է անել հետևյալը՝

  • Ազատվել թրջված ձեռնոցներից, գուլպաներից և հագնել չորը: Դուք միշտ ձեզ հետ ունեք սրանց փոխնորդը, այնպես չէ՞: Եթե կոշիկները լրիվ թրջված են, փաթաթեք ոտնաթաթերը պոլիէթիլենային տոպրակների մեջ և այդպես հագեք դրանք:
  • Պետք է արյան շրջանառությունը վերականգնել վերջույթներում, որպեսզի տաքացնեք դրանք: Պարզում եք ձեռքերը վերև և արագ մեծ ամպլիտուդով շարժումներով թափահարում ձեռքերը՝ մեխանիկորեն մղելով արյունը դեպի վերջույթներ:
  • Տաք, քաղցր հեղուկներ խմել։
  • Ձեռքերը տաքացնելու արդյունավետ ձև է նաև դրանք թևատակերում թաքցնելը: Դրանք մարմնի առավել տաք հատվածներն են:

Առավել ծանր դեպքեր են, երբ նկատվում է մաշկի մեռուկացում, արյունը դադարում է հոսել հյուսվածքների մեջ, մատները հնարավոր չի լինում շարժել: Այս պարագայում շտապ պետք է տուժածին հասցնել փակ կացարան և բժշկական օգնություն ցուցաբերել:

  • Չի կարելի կտրուկ տաքացնել վնասված հատվածը։
  • Վնասված հատվածը պետք է մեկուսացնել բինտի մի քանի շերտանոց վիրակապով, փափուկ տաք շարֆով:
  • Կարևոր է, որ վնասված հատվածը լինի ջերմամեկուսացված, բայց վիրակապը չսեղմի, որպեսզի արյան շրջանառությանը չխանգարվի:
  • Ֆիքսել, անշարժացնել վնասված հատվածը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *